Շաքարավազը սովորաբար անվանում են «քաղցր մահ», իսկ աղը՝ «սպիտակ թույն», սակայն ժամանակակից բժիշկները կարծում են՝ ամեն ինչ կախված է չափաբաժնից, գրում է Doctorpiter-ը։
Շաքարավազ
«Եթե ցանկանում եք ճիշտ սնվել, ավելացված շաքարը պետք է կազմի ընդհանուր կալորիականության ոչ ավելի, քան 10%-ը: Եթե դուք սովորաբար ուտում եք 2000 կկալ, ապա ձեր նորմը մոտ 50 գրամ է կամ 12 թեյի գդալ: Եվ իդեալականն այն է, որ այս ցուցանիշը կրճատեք մինչև 25 գրամ, այսինքն՝ մինչև 6 թեյի գդալ»,- ասված է հրապարակման մեջ։
Ըստ աղբյուրի՝ ավելի շատ ուտելու դեպքում կբարձրանա շաքարախտի, ատամների քայքայման և մի շարք այլ հիվանդությունների զարգացման ռիսկը:
Ճարպ
«Ճարպերն ինքնին անհրաժեշտ են մարմնին։ Դրանք էներգիա են տալիս: Ճարպերին պետք է հատկացնել ընդհանուր կալորիականության ոչ ավելի, քան 30%-ը։ 2000 կալորիա նորմայի դեպքում կարող եք ուտել մոտ 65 գրամ ճարպ»,- նշել է կայքը։
Տրանս ճարպեր
«Արհեստականորեն փոփոխված կենդանական ճարպաթթուները կարող են բարձրացնել խոլեստերինի մակարդակը: Եվրոպացի սրտաբանները խորհուրդ են տալիս ձգտել ուտել այնպես, որ տրանսճարպային թթուներին բաժին հասնի սննդակարգում ճարպի ընդհանուր ծավալի ոչ ավելին, քան 1-2%-ը»,- հավելել է կայքը։
Աղ
«Նատրիումը կարող է բարձրացնել ճնշումը, ուստի աղի ավելցուկը համարվում է հիպերտոնիայի ընդհանուր պատճառներից մեկը: Բացի այդ, ընտրացանկում չափազանց շատ նատրիումը կարող է մեծացնել ինսուլտի և երիկամների անբավարարության ռիսկերը: ԱՀԿ փորձագետները խորհուրդ են տալիս աղի օգտագործումը կրճատել օրական մինչև 5 գրամի»,- եզրափակել է կայքը։