ԵՊՀ «Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն» ծրագրի համակարգող Գոհար Ջուլհակյանը հայտնել է, որ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացել է իր քրոջ չծնված երեխան: Ջուլհակյանը և հարազատները մեղադրում են ԲԿ-ին և հերթապահ բժշկին։
«Հղիության 36 շաբաթականում, բացարձակ առողջ և հասուն պտղով՝ 4 կգ. 52 սմ, գերջրության ցուցանիշներով քույրս դիմում է ԲԿ՝ բժիշկների վերահսկողության տակ լինելու, փոքրիկ վտանգի դեպքում բժշկական պատշաճ օգնություն ստանալու համար: Քույրս հիվանդանոցում անցկացնում է 2 օր՝ ուրբաթ առավոտյան գնում է հիվանդանոց, իսկ չարաբաստիկ դեպքը տեղի է ունենում շաբաթ երեկոյան»,- գրել է նա։
Նա հայտնել է, որ «քույրը, հաշվի առնելով հետազոտությունների վատ ցուցիչները, խնդրել է ժամանակից շուտ կեսարյան հատում իրականացնել, բայց բժիշկները ոչինչ չեն ձեռնարկել»։
«Որոշել են սպասել, իսկ երեկոյան հոտազոտության ժամանակ գրանցել են, որ երեխայի սիրտը չի զարկում, երեխան խեղդվել է: Ոչ մի կերպ չեն ընդունում, որ սխալն իրենցն է»,- հավելել է Ջուլհակյանը։
Նրա խոսքով՝ այդ օրը հերթապահել է բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ Արտյոմ Մաշուրյանը։
«Նա մի քանի անգամ հարազատների հետ զրուցելիս պատշաճ չի ներկայացրել դեպքի նման հանգուցալուծման հիմնավոր պատճառները, նույնիսկ վիրահատության ընթացքի կարևոր մանրամասներ մենք լսել ենք կենտրոնի այլ աշխատակիցների զրույցից: Մաշուրյանը և «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն դեպքի պատասխանատուներն են»,- ընդգծել է Ջուլհակյանը։