Կարմրուկի համաճարակային իրավիճակը կարող է սրվել, հայտարարել է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Կարմրուկի դեպքերը շարունակում են գրանցվել ինչպես այլ երկրներում, այնպես էլ` Հայաստանում: Համաճարակային իրավիճակը կարող է որոշակիորեն սրվել՝ պայմանավորված զբոսաշրջության ակտիվությամբ»,- հավելել են գերատեսչությունից։
Նախարարությունից հայտնել են, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և միջազգային գործընկերների հետ համատեղ բնակչության շրջանում իրականացնում են իրազեկման արշավներ։
Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ ԱՆ-ից օգոստոսի 2-ին հայտնել էին, որ Հայաստանում 2024 թվականի հունվարի 1-ից հուլիսի 29-ը լաբորատոր հաստատված 540 կարմրուկի դեպքից հիվանդանոցային բուժում է ստացել 426 բուժառու, տնային պայմաններում՝ 114-ը։