Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը «կապիկի ծաղիկ» համաճարակը հայտարարել է միջազգային մտահոգության հանրային առողջության արտակարգ իրավիճակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Նշվում է, որ օգոստոսի 13-ին Աֆրիկայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) հայտարարել էր հանրային առողջության արտակարգ դրություն՝ համաճարակի բռնկման պատճառով։
«Արտակարգ իրավիճակների կառավարման կոմիտեն այսօր ինձ խորհուրդ է տվել, որ այն, ինչ տեղի է ունենում, միջազգային անհանգստություն պատճառող հանրային առողջության արտակարգ իրավիճակ է: Ես ընդունել եմ այդ խորհուրդը»,- ասել է Գեբրեյեսուսը:
Նրա խոսքով՝ 2023 թվականին հիվանդության գրանցված դեպքերն զգալիորեն աճել են, իսկ այս տարի այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը․ գրանցվել է ավելի քան 14 հազար դեպք, որից 524-ը՝ մահացու ելքով։
«Կոնգոյի արևելյան Դեմոկրատական Հանրապետությունում «կապիկի ծաղիկի» նոր տարբերակի հայտնաբերումն ու արագ տարածումը, դրա հայտնաբերումը հարևան երկրներում և հետագա տարածման հնարավորությունն Աֆրիկայում և նրա սահմաններից դուրս մեծ մտահոգություն են առաջացնում։ Պարզ է, որ անհրաժեշտ է համակարգված միջազգային արձագանք՝ դրանք դադարեցնելու և կյանքեր փրկելու համար»,- ընդգծել է ԱՀԿ-ի ղեկավարը:
Նա նշել է, որ կազմակերպությունը մշակել է տարածաշրջանային արձագանքման ծրագիր, որը պահանջում է նախնական 15 միլիոն դոլար։
«Կապիկի ծաղիկը» հազվագյուտ վիրուսային վարակ է, որը կարող է փոխանցվել նաև մարդկանց: Այն սովորաբար թեթև հիվանդություն է, և մարդկանց մեծամասնությունը վերականգնվում է մի քանի շաբաթվա ընթացքում, բայց ոմանք կարող են բարդություններ ունենալ: Սկզբնական ախտանշաններն են՝ ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հյուծվածություն: Ցան կարող է առաջանալ, որը հաճախ սկսվում է դեմքի վրա, այնուհետև տարածվում մարմնի այլ մասերում։