Հայաստանում գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու դեպք, որը փոխանցվել է մոծակի խայթոցի միջոցով, հայտնում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Վարակման հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս 20-ը հոսպիտալացվել են։
Կենտրոնը նշել է, որ վիրուսով վարակվածների 80%-ի մոտ ախտանիշներ չեն զարգանում, սակայն 1%-ի մոտ կարող են զարգանալ նյարդաբանական լուրջ բարդություններ, ինչպիսիք են էնցեֆալիտը կամ մենինգիտը։
Վարակակիրները կարող են լինել մոծակները, մլակները և տիզերը: Զեկույցում ասվում է, որ կարող են վարակվել մարդիկ, թռչունները և կաթնասունները:
«Ռիսկի խմբում են տարեցները, սիրտ-անոթային, ուռուցքային հիվանդություններ, շաքարային դիաբետ և երիկամների քրոնիկ խնդիրներ ունեցող անձինք»,- ընդգծել են կենտրոնում։
Armenia Today-ը հոսպիտալացվածների վիճակի վերաբերյալ հարցում է հղել Առողջապահության նախարարությանը և գերատեսչությանը խնդրել է պարզաբանել՝ արդյոք հիվանդության կանխարգելման կանոնների վերաբերյալ ուղեցույց կկազմվի՞։