Ի՞նչ է Արևմտյան Նեղոսի տենդը
Նեղոսի տենդի փոխանցողը կուլեքս ցեղի մոծակներն են, որոնք վարակվում են թռչուններից, բնական ռեզերվուարը թռչուններն են, պարզաբանեց ՀՎԿԱԿ տնօրենը։ Նա ընդգծեց, որ հիվանդությունը չի փոխանցվում մարդուց մարդուն և պատվաստանյութ կամ դեղամիջոց չկա, իրականացնում են ընդհանուր բուժական միջոցառումներ՝ ուղղված վիճակի լավացմանը և բժշկական հսկողությանը։
«80% դեպքերում հիվանդությունն ընթանում է անախտանիշ։ Այսինքն՝ մարդը որևէ ախտանիշ չի ունենում, որպեսզի դիմի բուժօգնության։ Ծանր դեպքերը, որոնք ուղեկցվում են նյարդային համակարգի ախտահարմամբ, այդ թվում՝ մենինգիտի և էնցեֆալիտի դեպքերով, դիտարկվում է մինչև 1% դեպքերում»,- ասաց նա։
ՀՎԿԱԿ տեղեկություններով՝ տնային պայմաններում բուժվող հիվանդներ չկան, քանի որ հիվանդների մեծ մասն ախտանիշներ չի ունենում ու կարիք էլ չի լինում բուժվելու, հիվանդանոց դիմում են արդեն բարդացած դեպքերում։
Աթոյանը հայտնեց, որ Հայաստանում գրանցված 41 դեպքից 50%-ի մոտ է բժիշկները հայտնաբերել են ուղեղային երևույթներ, մյուսների մոտ՝ ինտոքսիկացիոն ախտանիշներ են, հիվանդությանը բնորոշ երևույթներ։
Նրա տեղեկություններով՝ հիվանդությունն ունի սեզոնայնություն, դա հուլիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածն է, սակայն առավել ակտիվ է հուլիսից օգոստոս ժամանակահատվածը, տեղեկացրեց նա։
Ի՞նչ ախտանիշներ ունի Նեղոսի տենդը և ինչպե՞ս պայքարել դրա դեմ
Արևմտյան Նեղոսի տենդը հիմնականում ուղեկցվում է ընդհանուր օրգանիզմի ինտոքսիկացիայով, ջեմություն, գլխացավ, մկանահոդացավ, Armenia Today-ին պարզաբանեց Աթոյանը։
«Մինչև մեկ տոկոսի դեպքում կարող են առաջանալ գլխապտույտներ, գիտակցության մթագնում, որի ժամանակ մարդիկ կա՛մ դիմում են, կա՛մ դիմած են լինում ԲԿ-ներ։ Բժշկական օգնությունը ցուցաբերվում է անվճար»,- նշեց նա։
Աթոյանի խոսքով՝ քանի որ Արևմտյան Նեղոսի տենդը մարդուց մարդ չի փոխանցվում, հետևաբար՝ դպրոցներում և մանկապարտեզներում կանխարգելիչ միջոցառումներ կիրականացվեն միջատների դեմ պայքարի ուղղությամբ։ Դրանք են օջախների պատուհանների ցանցապատումն ու անձնական հակամիջատային պրեպարատների օգտագործումը։
Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում
Այս պահին պատվաստում են հիմնական խոցելի խմբերին՝ տարեցներին և խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց։ «Պատվաստումներն առկա են, առաջնային օղակ դիմելու դեպքում կստանան համապատասխան պատվաստումներ»,- հավելեց նա։
Կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը
Եթե նախորդ տարի գրացվել էր 554 դեպք, ապա առաջին 6 ամսվա ընթացքում առկա է 547 դեպք, ընդգծել է նա։ Նրա խոսքով՝ չպատվաստված պացիենտների մոտ նախորդ տարվա համեմատ գրանցվել էր 1,8% և թերի պատվաստվածների մոտ՝ 2,9% իջեցում։
«Ամառվա սեզոնին ունենք որոշակի նվազեցում, բայց ուսումնական տարվա սկզբին, եթե պատվաստումներ չիրականացվեն, ապա որոշակի բարձրացում կունենանք»,- ասաց Աթոյանը։
Նա հավելել է, որ այս տարվա օգոստոսի 1-ի դրությամբ՝ հանրապետությունում առկա է կապույտ հազ հիվանդության 98 գրացված դեպք։ Նախորդ ամբողջ տարվա ընթացքում գրացվել էր 50 դեպք։ Հիվանդությունը հիմնականում ախտահարել է մինչև 18 տարեկաններին, ավելի շատ՝ նախադպրոցական հասակի երեխաների մոտ։