Հայաստանում 25 տարվա անպտղությունից հետո 47-ամյա կինը հղիության մասին լուրն իմացել է ծննդաբերելուց րոպեներ առաջ, հայտնել է ՄՀԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Նա նշել է, որ երկար սպասված փոքրիկին կինը լույս աշխարհ է բերել անսպասելի՝ կեսարյան հատմամբ: Նորածինն ունեցել է աղեստամոքսային տրակտի՝ կյանքի հետ անհամատեղելի ծանր բնածին զարգացման արատ: Նրա խոսքով՝ երեխան տեղափոխվել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոց, վիրահատվել է և առողջացած դուրս գրվել:
«Բնականաբար, սկզբանական շրջանում նորածինը կլինի մեր հսկողության ներքո, սակայն պետք է նշեմ, որ նույնիսկ վիրահատական սպին կոսմետիկ է դրված, և նա ապագայում չի էլ հիշելու, որ նման խնդիր է ունեցել»,- ասել է Մանկական վիրաբուժական հիվանդությունների կլինիկայի ղեկավար, Մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ Նիկոլայ Դալլաքյանը:
Երեխայի ծնողները նշում են, որ փոքրիկ Լուսեն լույս է բերել իրենց ընտանիք, իսկ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի փորձառու բժիշկները վերադարձրել են այդ լույսը՝ փրկելով փոքրիկի կյանքը: