Մոտենում է ուսումնական տարին, և տարատեսակ վիրուսների համար նպաստավոր պայմաններ են ստեղծվում երեխաների, ուսուցիչների շփումների արդյունքում, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Բժիշկ-համաճարակաբան Լուսինե Առուստամյանի խոսքով՝ վիրուսների տարածման հարցում նշանակություն ունի մեծ քանակությամբ մարդկանց սահմանափակ տարածքում գտնվելը, օրինակ` դասասենյակում, որն այդքան էլ հաճախ չեն օդափոխում` ցրտից խուսափելով: Իսկ փակ տարածքում վիրուսն ավելի հեշտ է փոխանցվում մարդուց մարդուն:
«Այդ իսկ պատճառով պետք է պահպանել ձեռքերի հիգիենան, հազալու կամ փռշտալու էթիկան` արմունկով փակելով բերանը, որպեսզի վիրուսները շրջապատում չտարածվեն: Անհրաժեշտ է հետևել բժիշկների հորդորներին, խորհուրդներին և ստանալ բոլոր պատվաստումներն այն հիվանդությունների դեմ, որոնք հնարավոր է կանխել պատվաստվելով»,- ասել է բժիշկը: