Արևմտյան Նեղոսի տենդը հանդարտեցման ուղղությամբ է գնում, և վերջին շաբաթում զգալի նվազում ենք տեսնում թե՛ թեստավորման հետ կապված վիճակագրական տվյալների, թե՛ դրական արդյունքների առումով, Armenia Today-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ըստ նրա՝ նախարարությունը կանխատեսել էր սեզոնի հետ կապված համաճարակային իրավիճակի հանդարտեցումն ու հայտարարել դրա մասին։
«Մեր կողմից ներկայացվել էր, որ սեպտեմբերի վերջ-հոկտեմբերին մենք կտեսնենք նվազում։ Մեր կողմից աշխատանքները շարունակվում են, մարզային այցելությունները՝ նույպես»,- նշեց նախարարը։
Նա տեղեկացրեց, որ Հայաստանում կարմրուկի հետ կապված նույնպես բարենպաստ վիճակ է, տեղական բոլոր բռնկումները մարվել են։
«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել են միայն բերովի դեպքեր։ Այսինքն՝ տեղական բոլոր բռնկումները մարվել են, բայց պետք է աշխատանքները շարունակել, որպեսզի այդ բերովի դեպքերից հետո չունենանք տարածում»,- նշեց Ավանեսյանը։
Սեպտեմբերի 5-ի դրությամբ՝ Հայաստանում հայտնաբերվել էր տենդի 108 դեպք։ Օգոստոսի 23-ին կենտրոնը ներկայացրել էր ուղեցույց, թե ինչպե՞ս խուսափել Արևմտյան Նեղոսի տենդից։ Սեպտեմբերի 13-ի դրությամբ՝ Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել էր 4-ի։