Կառավարությունը հավանություն է տվել 2025թ․ հուլիսի 1-ից մի շարք մասնագիտություններ և ծառայություններ հատուկ հարկման համակարգից դուրս բերելու և հարկման ընդհանուր համակարգ ներառելու նախագծին։
Գործունեության 12 տեսակների սեփականատերերը, որոնք նախկինում կարող էին հարկեր (ԱԱՀ և շահութահարկ) վճարել հարկման հատուկ համակարգով (շրջանառության 5% հարկ և որպես միկրոբիզնես 0%), այժմ ստիպված կլինեն անցնել հարկման ընդհանուր համակարգին (20% եկամտային հարկ):
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է, որ նախագծերով առաջարկում են մի շարք մասնագիտություններ և ծառայություններ դուրս բերել միկրոձեռնակատիրության և շրջանառության հարկերով հարկվող համակարգից և տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ։
«Խոսքը, մասնավորապես, իրավաբանական, հաշվապահական, կառավարման հարցերով խորհրդատվության, շենքերի շինարարարության, մասնագիտակցված շինարարական գործունեությունների մասին է։ Հարկման ընդհանուր համակարգ կտեղափոխվեն նաև անշարժ գույքի հետ գործառությունների, ճարտարապետական, ճարտարագիտական, տեխնիկական փորձաքննության, գովազդային, առողջապահության, ժամանակավոր աշխատուժով ապահովելու գործունեությունների տեսակները»,- հավելել է նախարարը։
Հովհաննիսյանի խոսքով՝ նպատակը հավասար հարկային միջավայր ստեղծելն է։
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հավելել է, որ առողջապահության ոլորտի հատուկ հարկման համակարգում 1300 սուբյեկտ կա։
2024-ի մայիսից փաստաբաններն իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել օրենսդրական փոփոխությունների դեմ, որով փաստաբանական գործունեությունը ևս ընդհանուր հարկման համակարգ էր տեղափոխվում։ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը հայտարարել էր փաստաբանական ծառայությունների՝ ավելի քան 38%-ով թանկանալու հնարավորության մասին։
Մայիսի 21-ին փաստաբանները գործադուլ էին հայտարարել, բայց Ազգային ժողովում դրական եզրակացություն էին տվել նախատեսվող փոփոխություններին։