Հայաստանի Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես՝ ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի շրջանում աճ, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
«Համաձայն լաբորատոր հետազոտությունների արդյունքների՝ հանրապետությունում շարունակվում է գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը»,- ասվում է հաղորդագրությունում:
Ըստ կենտրոնի՝ ամանորյա տոնական օրերին ստեղծվում են նպաստավոր պայմաններ, հատկապես՝ մարդաշատ վայրերում ՍՇՎ-ների, գրիպի տարածման համար, քանի որ վարակը տարածվում է օդակաթիլային ճանապարհով։
Առողջապահության նախարարությունը հորդորում է խուսափել սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից, իսկ եթե հիվանդ եք, պետք չէ տանից դուրս գալ։ Խորհուրդ է տրվում մարդաշատ վայրերում գտնվելիս կրել դիմակ։
«Եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ։ Մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար»,- հորդորում է ԱՆ-ն։
Բացի այդ, անհրաժեշտ է հագնվել եղանակին համահունչ, պահպանել հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխել փակ տարածքները և հետևել անձնական հիգիենային: