Մարդու մետապնևմավիրուսը (HMPV) սուր շնչառական վարակ է, որը տարածվում է հիմնականում օդակաթիլային եղանակով, հազվադեպ նաև՝ կենցաղային իրերի հետ շփման միջոցով, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Ըստ գերատեսչության՝ Հայաստանում գործադրված դետքային համաճարակաբանական համակարգի շրջանականերում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում 2023 թվականին հայտնաբերվել է մետապնևմովիրուսի 10 դեպք, իսկ 2024թ. հունվար-ապրիլ ամիսներին՝ 50 դեպք։ Ապրիլից մինչ այժմ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում մետապնևովիրուս չի հայտնաբերվել։
«Ախտանշանները նույնն են, ինչ բոլոր սուր շնչառական վարակների դեպքում՝ ջերմություն, հազ, քթահոսություն, դժվարացած շնչառություն, գլխացավ»,- մանրամասնում են կենտրոնից:
Ըստ այդմ՝ սուր շնչառական վարակների, այդ թվում՝ մետապնևմովիրուսի կանխարգելման նպատակով Առողջապահության նախարարությունը հորդորում է ձեռքերը պարբերաբար և մանրակրկիտ լվանալ օճառով, հատկապես հասարակական վայրեր այցելելուց հետո և ուտելուց առաջ։ Խուսափե՛լ սերտ շփումից մարդկանց հետ, ովքեր ունեն շնչառական վարակների ախտանիշներ:
Նախարարությունը նաև խորհուրդ է տալիս պարբերաբար մաքրե՛լ և ախտահանե՛լ տան և աշխատավայրում իրերի և առարկաների մակերեսները, չդիպչել դեմքին կեղտոտ ձեռքերով, պարբերաբար օդափոխե՛լ տարածքները և պատվաստվե՛լ գրիպի դեմ:
«Եթե դուք նկատում եք սուր շնչառական վարակին բնորոշ ախտանիշներ, հետևե՛ք հազի վարվելակարգի կանոններին. կրե՛ք բժշկական դիմակներ և փոխե՛ք դրանք յուրաքանչյուր 4 ժամը մեկ, մնացե՛ք տանը և հնարավորինս շուտ դիմե՛ք բժշկի»,- ասվում է հաղորդագրությունում: