Փետրվարի 13-ին ժամը 22։25-ից մինչև փետրվարի 14-ի ժ․00։30-ը երկրաշարժից հասցված վնասներին ԱԻՆ ՓԾ ստորաբաժանումների կողմից 10 դեպքով արձագանքում է իրականացվել։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, Երևան քաղաքում 5 դեպք. ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 68ա շենքի 2-րդ հարկի պատշգամբը։ Դեպքի վայր է մեկնել թիվ 3 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, պարզվել է, որ շենքի մուտքի պատշգամբից պոկվել է երկու քար։ Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը և հեռացրել քարերը։
Ահազանգ է ստացվել, որ մասամբ փլուզվել է Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 10 շենքի պատը։ Դեպքի վայր է մեկնել 15 ՓՋ-ն, պարզվել է, որ վթարային շենքի պատից թափվել է 8 հատ քար։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։
Մի քանի շենքերի բնակարաններում, ըստ ահանզանգերի՝ առաջացել են ճաքեր կամ լայնացել են առկա ճեղքերը։
Լոռու մարզում 4 դեպք. ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Ստեփանավան քաղաքի Սոս Սարգսյան փողոցի թիվ 2 տան նկուղի պատը։ Դեպքի վայր է մեկնել թիվ 40 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, պարզվել է, որ տան նկուղի պատից փլուզվել է մոտ 3 ք․մ հատված, տուժածներ չկան։ Ալավերդու, Ստեփանավանի, Վանաձորի մի քանի շենքերից պոկվել են քարեր, ծեփամածիկ, երեսպատման սալիկներ:
Շիրակի մարզում 1 դեպք. ահազանգ է ստացվել, որ քարեր են թափվել Գյումրի քաղաքի Անտառավան 3-րդ թաղամասի թիվ 26 շենքից: Դեպքի վայր է մեկնել թիվ 48 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, պարզվել է, որ թիվ 26 շենքի (3-րդ, մասնակի 4-րդ կարգի վթարային) 4-րդ և 5-րդ հարկերից թափվել է 8 քար (մոտ 15 ք.մ): Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը:
Նույն օրը կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ և Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահների հետ՝ ճշգրտվել Վրաստանի Հանրապետությունում օպերատիվ իրավիճակը՝ փլուզումներ և ավերածություններ չկան։
Հիշեցնենք՝ փետրվարի 13-ին՝ տեղական ժամանակով ժամը 22:25 -ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Տավուշի, Կոտայքի, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում՝ 3-4 բալ ուժգնությամբ: