Երեկ՝ մարտի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի տարբեր հատվածներում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնել է Shamshyan.com-ը:
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ 50-ամյա Արսեն Սարգսյանն է։
Ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Մոսկովյան փողոցի 31 շենքի բակում։
Նշված վայր են ժամանել նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ նշված շենքի բակում անհայտ անձը դեռևս չպարզված հրազենից մի քանի կրակոց է արձակել Ա. Սարգսյանի ուղղությամբ, ապա դեպքի վայրից դիմել փախուստի։
Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և 2 հատ կրակված պարկուճ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը քրեական աշխարհում հայտնի ու մեծ հեղինակություն ունեցած, «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի սանիկն է՝ հանրապետությունում հայտնի «Մալխաս ջազ» ակումբի և «Սմոքինգ» ռեստորանային համալիրի սեփականատերը։ Նա բնութագրվում է դրական, երբևէ առնչություն չի ունեցել քրեական պատմություններում, բազմաթիվ օգնություններ է ցուցաբերել սոցիալապես անապահով ընտանիքների ու երբեք չի ցանկացել՝ այդ մասին հրապարակվի, միշտ առաջնորդվել է «եթե կարող ես, լավություն արա, սատար կանգնիր սոցիալապես անապահովին ու մի թմբկահարիր այդ մասին» խոսքով։