«Ինչպես արդեն հրապարակվել է, այսօր Ալավերդի քաղաքում 2-ամյա աղջիկն ընկել է Դեբեդ գետը։ Երեխայի ընկնելու վայրից մոտ 1,5 -2 կմ հեռավորության վրա Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի բնակիչ, 32-ամյա Ժիրայր Պողոսյանը նկատել է երեխային ու դուրս բերել գետից»։ Այս մասին գրում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը։
Նա հայտնել է, որ քիչ առաջ Սանահին Սարահարթ թաղամասում այցելել է երեխայի ընտանիքին։
«Մինչ այդ այցելել եմ Ալավերդու ԲԿ, որտեղից երեխային տեղափոխել են Վանաձորի ԲԿ։ Ըստ բժիշկների` երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։ Երեխան գիտակցության է եկել, սրտի աշխատանքը, սատուրացիան նորմալ է։ Այս պահին բժիշկները շարունակում են հետազոտությունը, Երևանից Վանաձոր է հասել շտապօգնության ևս մեկ բրիգադ։
Հավելեմ, որ ահազանգից անմիջապես հետո շուրջ 30 հրշեջ-փրկարար, այնուհետև օպերատիվորեն նրանց միացած ՀՀ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի Պարեկային Ծառայության գումարտակի 2 րդ վաշտի 2 կարգախումբ՝ 6 պարեկներով, քաղաքացիների հետ համատեղ, գետի երկայնքով մոտ 2 կմ իրականացրել են որոնողա-փրկարարական աշխատանքներ»,- գրել է նա:
Նշենք, որ այսօր՝ ժամը 17:36-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Դեբեդ գետը երեխա է ընկել։