Փրկարարները «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքի փլատակներից հանել են 26 քաղաքացու, որից 16-ը՝ մահացած, իսկ 10-ը՝ ողջ։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը՝ նշելով, որ ողջ հայտնաբերված քաղացիներին հայտնաբերել են առաջին ժամերի ընթացքում։
Նրա խոսքով՝ օգոստոսի 14-ից մինչ այսօր կատարված աշխատանքներին ներգրավված է եղել 935 փրկարար ծառայող, որից 350-ը՝ պայթյունի օրը, կիրառվել է 60 տեխնիկա, որից 32-ը՝ ավտոբաք, 6-ը ավտոսանդուղք, 9-ը փրկարարական և 13-ը օժանդակ մեքենաներ, ինչպես նաև 2 ԱԹՍ։ Փրկարարական աշխատանքներին մասնակցել են նաև Կարմիր խաչի 201 կամավորներ, ՈՄԱ կազմակերպության 132 և 250 այլ կամավորներ:
«Ներկա պահին պարզվել է 15 մարդու ինքնություն, մեկ հոգի համարվում է չնույնականացված և ունենք երկու անհետ կորած, բայց ենթադրում ենք, որ մեկ չճանաչված դին այդ անհետ կորածների շարքում է։ «Սուրմալուի» հրդեհված հատվածի 90 տոկոսից ավելին մաքրված է․ մոտեցել ենք էպիկենտրոնային գոտուն»,- ասաց ԱԻ նախարարը։
Նրա խոսքով՝ խնդիրներն այժմ կապված են փլվածքների կոնստրուկցիաների հետ, որոնք մոնտաժվում են ու փորձում ստեղծել հնարավորինս անվտանգ միջավայր։ Փամբուխչյանը նշեց նաև, որ վերջին դին հրդեհից 42 ժամ անց է հանվել։ Հրդեհը կառավարելի է համարվել բռնկումից հինգ ժամ անց, 49 ժամից մեկուսացվել, իսկ 52 ժամից մարվել է։ Ներկա պահին, նախարարի խոսքով, կատարվում են միայն հովացման աշխատանքներ։
Նախարարը նշեց, օգնություն են ստացել Երևանի քաղաքապետարանից և ՏԿԵՆ-ից, որոնք միասին տրամադրել են 23 ջրատար, 49 բեռնատար, 18 տրակտոր, 8 վերամբարձ կռունկ, 4 ավտոչանչ, 1 բեռնատար, 2 աղբատար, 7 այլ տեխնիկա և շտապօգնության 7 բրիգադ։
Այժմ աշխատանքները շարունակվում են երկու հատվածով, կատարվում են հարկադիր փլուզումներ, որպեսզի հայտնաբերեն անհետ կորած անձին։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի ունեցած պայթունի հետևանքով, այս պահի դրությամբ, գրանցվել են 16 մարդու մահվան և ավելի քան 60 քաղաքացիների՝ մարմնական տարբեր վնասվածքներ ստանալու դեպքեր: Անհետ կորած է համարվում 2 քաղաքացի։ Առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել։
Օգոստոսի 17-18-ը Հայաստանում և Արցախում սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի զոհերի։