Անհետ կորած քաղաքացուն գտնելուն պես մասնավոր կազմակերպության միջնորդությամբ կիրականացվի շենքի ապամոնտաժում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը՝ հավելելով, որ այսօր գիշերը ևս դադարեցվելու են որոնողական աշխատանքները։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշված վարկածին, որը բացառում էր ահաբեկչության հանգամանքը , Կոստանյանը նշեց, որ ԱԻՆ-ի մասով գնահատակնները նույնն են։ «Բոլորդ եք տեսել ծուխն ու կրակը, որին հետևել է պայթյունը»,-նշեց նա։
Անդրադառնալով ռումբերի մասին կեղծ ահազանգերին, Կոստանյանը նշեց, որ այս տարվա ընթացքում 27 ահազանգ են ստացել։ «Դրանց մեծ մասը քաղաքապետարանի էլեկտրոնային հասեցին է եղել։ Վերջին երկուսը` ԱԻՆ–ի քարտուղարության էլեկտրոնային հասցեին»,-նշել է նա։
ԱԻՆ խոսնակի դիտարկմամբ՝ ՀՀ տարածքից կեղծ ահազանգեր ստանալու դեպքում ՀՀ իրավապահները կարողանում են բացահայտել, ինչպես Գյումրիի դեպքում կամ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետորսյանի տան վերաբերյալ ահազանգի, իսկ էլեկտրոնային նամակների դեպքում որոշակի դժվարություններ կան․
«Դրանք ենթադրաբար լինում է այլ երկրներից, կարծում եմ, այդտեղ որոշակի դժվարություններ կան` զուտ ժամանակային մասով»,– հայտնեց Կոստանյանը։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի ունեցած պայթունի հետևանքով, այս պահի դրությամբ, գրանցվել են 16 մարդու մահվան և ավելի քան 50 քաղաքացիների՝ մարմնական տարբեր վնասվածքներ ստանալու դեպքեր: Անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։