Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և ֆիզիկապես տուժած քաղաքացիներին ֆինանսապես աջակցելու ծրագիր է քննարկվում: Այս մասին Armenia Today-ին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը։
«Պայթյունից զոհվածների ընտանիքներին և ֆիզիկապես տուժած քաղաքացիներին ֆինանսապես աջակցելու ծրագիր է այս պահին նախարարությունում քննարկվում: Թե ինչ չափով կլինի այդ աջակցությունը, ավելի ուշ կտեղակացնենք, երբ քննարկումները կավարտվեն և վերջնական որոշում կկայացվի»,-հավելեց նախարարության ներկայացուցիչը:
Էկոնոմիկայի նախարարությունից էլ փոխանցեցին, որ «Սուրմալուի» պայթյունից տուժած տնտեսվարողներին աջակցության հարց դեռ չի քննարկվում:
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի ունեցած պայթունի հետևանքով, այս պահի դրությամբ, գրանցվել են 16 մարդու մահվան և ավելի քան 60 քաղաքացիների՝ մարմնական տարբեր վնասվածքներ ստանալու դեպքեր: Անհետ կորած է համարվում 2 քաղաքացի։ Առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել։
Օգոստոսի 17-18-ը Հայաստանում և Արցախում սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի զոհերի։