2022 թվականի օգոստոսի 14-ին Երևանի Սուրմալու առևտրի կենտրոնում («Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ) տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքները միանվագ աջակցություն կստանան պետությունից։
Կառավարության նիստում հաստատված որոշման համաձայն՝ մինչև երեք օր հոսպիտալացված անձինք կստանան 150 հազար դրամ (360 դոլար), երեք օրից ավելի՝ 300 հազար դրամ (720 դոլար)։
Մահացած քաղաքացիների ընտանիքներին կտրամադրվի 3 մլն դրամ (7 200 դոլար)։ Նույնքան գումար կստանա այն քաղաքացու ընտանիքը, ում գտնվելու վայրը մինչ օրս չի պարզվել։
Ծրագրի պոտենցիալ շահառուներն են պայթյունի հետևանքով վիրավորված 24 մարդ և 16 զոհվածների ընտանիքներ, ինչպես նաև անհայտ կորած քաղաքացու ընտանիքը։
ՀՀ պետական բյուջեից կհատկացվի 55 մլն 650 հազար դրամ:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ «Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքները և ֆիզիկապես տուժած քաղաքացիները ֆինանսական աջակցություն կստանան։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի էր ունեցել պայթուն, որի հետևանքով 16 մարդ մահացել էր, ավելի քան 60 քաղաքացիներ ստացել էին մարմնական տարբեր վնասվածքներ: