Հայաստանի ԱԳՆ-ն իր ցավակցությունն է հայտնել Իրանի հարավում գտնվող Ֆարս նահանգի Շիրազ քաղաքում երեկ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին։ Այս մասին Թվիթերի էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Մեր անկեղծ ցավակցությունն ու կարեկցանքն ենք հայտնում Իրանի ժողովրդին և կառավարությանը Շիրազ քաղաքի Շահ Չերաղ մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել են անմեղ մարդիկ»․- ասված է գրառման մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ առնվազն 15 մարդ է զոհվել, ևս 10-ը՝ վիրավորվել Իրանի հարավում գտնվող Ֆարս նահանգի Շիրազ քաղաքում ահաբեկիչների հարձակման հետևանքով: