Նոյեմբերի 16-ին, հերթական բռնության դեպքն է տեղի ունեցել Երևանում գործող բժշկական կենտրոններից մեկում։
Ինչպես հայտնում Shamshyan.com-ը, ժամը 00։35-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանում «Մուրացան» բժշկական կենտրոնում մի խումբ անձինք հարձակվել են բժշկական կենտրոնի անվտանգության աշխատակցի վրա, ձեռքերով և ապակյա շշերով հարվածել անվտանգության աշխատակցին, ապա մտել հիվանդանոց, այնտեղ բռնություն կիրառել բժշկուհու նկատմամբ։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազոր Ավդալյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում խուլիգանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ծեծի ենթարկված անվտանգության աշխատակիցը Երևանի բնակիչ 22-ամյա Ֆ․Մ․-ն է, ով ստացել է ճակատի, գլխի, քունքային և ծոծրակային շրջանի պատռված վերքեր։
Վիճաբանողներն էլ եղել են 5-7 հոգի, որոնցից մեկը Երևանի բնակիչ 35-ամյա Ա․ Գ․-ն է։
Հիվանդանոցում նշված անձինք բռնություն են կիրառել նաև բժշկուհու նկատմամբ, ում ինքնությունը նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում։