Ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Գյումրու շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է 2 դի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 11։20-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 9/9 շենքի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում։ Հրշեջ-փրկարարները բացելով նշված շենքի 4-րդ հարկի բնակարանի տան դուռը՝ այնտեղ հայտնաբերել են երկու տղամարդու դի։ Պարեկները սահմանազատել են տարածքը։ Ներսում այս պահին աշխատում են Շիրակի մարզային քննչական վարչության քննիչներն ու ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագետները։
Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղբյուրը հայտնում է, որ երբ փրկարարները բացել են տան դուռը, տունն ամբողջովին եղել է ծխապատ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։