Երևանում Թուրքիայի քաղաքացին հարվածել է ՀՀ քաղաքացու, վնասել պարեկների ավտոմեքենան և կոտրել դիսկո-ակումբի ապակին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 3-ին։ Պարեկներն Արին Բերդի փողոցում ծառայություն կատարելիս են եղել, երբ մի քաղաքացի մոտեցել է իրենց ու բռունցքներով հարվածել Պարեկային ծառայության ավտոմեքենայի շարժիչի ծածկոցին, որից հետո քարով հարվածել և կոտրել է Արին Բերդի փողոցի 9/2 հասցեում գործող «Դալի» դիսկո-ակումբի դռան ապակին, իսկ հետո ոտքով հարվածել է ակումբում գտնվող քաղաքացուն։
Պարեկները տեղում վնասազերծել են այդ քաղաքացուն և տեղափոխել ոստիկանության Էրեբունու բաժին։ Աղբյուրը հայտնում է, որ ոստիկանություն տեղափոխվածը Թուրքիայի Հանրապետության քաղաքացի 31-ամյա Բիլալ Աթայն է։ «Դալի» դիսկո-ակումբում նրա կողմից հարված ստացած քաղաքացին Երևանի բնակիչ 29-ամյա Ջ. Ս․-ն Է
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը լսել է «Դալի» դիսկո-ակումբի տնօրեն Գայանե Ս․-ին, իսկ հետո Բ․ Աթայը ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Պարզվում է ակումբին պատճառված վնասի չափը։