Թուրքիայում գրանցված երկրաշարժի հետևանքով Թուրքիայի և Սիրիայի հայկական համայնքներում ունենք զոհեր և վիրավորներ։ Այս մասին հայտնել է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:
Գրասենյակից հայտնում են, որ աղետի գոտում հայտնված Թուրքիայի և Սիրիայի հայկական կրոնական, կրթական, համայնքային հաստատությունները մասնակիորեն տուժել են, կատարվում են ուսումնասիրություններ՝ այդ կառույցների հետագա շահագործման հնարավորության առումով:
Նշվում է, որ գրասենյակն անմիջական կապի մեջ է դիվանագիտական ներկայացուցչությունների, համայնքային կառույցների հետ և պարբերաբար հանդես կգա իրավիճակի վերաբերյալ հրապարակումներով:
Գրասենյակն իր խորին ցավակացություններն է հայտնել զոհվածների ընտանիքներին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում և Սիրիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,7 մագնիտուդ: Ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում, ցնցումներ են զգացվել նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Զոհերի ու վիրավորների թիվն անընդհատ փոփոխվում է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի առնչությամբ՝ հայտնելով, որ Հայաստանը պատրաստ է օգնել։