Թուրքիայի Մալաթիա նահանգի Դարենդե շրջանում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
«Ղահրամանմարաշի կենտրոնով 10 նահանգներում ավերածությունների պատճառ դարձած երկու ուժեղ երկրաշարժերի հետցնցումները շարունակվում են»,- ասվում է զեկույցում: Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 12 կիլոմետր խորության վրա։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում և Սիրիայի հյուսիսում: Հաջորդ օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7 բալ ուժգնությամբ նոր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ և հայտնել, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել: Հայաստանի ներքին գործերի նախարարությունը փետրվարի 7-ին հաղորդել է երկրաշարժից տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով Սիրիա և Թուրքիա փրկարարական ջոկատներ ուղարկելու մասին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ վերջին տվյալներով՝ Թուրքիայում տեղի ունեցած երկու երկրաշարժերի զոհերի թիվը կազմում է 35 418 մարդ։ Էրդողանի խոսքով՝ երկրաշարժի հետևանքով տուժել է 105 505 մարդ։
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այսօր ժամանել է Անկարա։ Միրզոյանը երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին: Այցի ընթացքում Անկարայում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը: