Հոնկոնգում հրդեհ է բռնկվել 42 հարկանի կիսակառույց շինությունում, որը գտնվում է Ցիմ Շա Շուի խոշոր առևտրի կենտրոնի տարածքում, հայտնում է AP News-ը։
Աղբյուրը հայտնում է, որ մոտակա շենքերից տարհանվել է 170 մարդ։ Հրդեհի հետևանքով շինությունից պոկված հատնավծները վնասել են երկու մարդու, որոնք տեղափոխվել են հիվանդանոց։
Հոնկոնգի իշխանությունները հետաքննում են խոշոր հրդեհի պատճառները։ Հրշեջները կրակի հետ պայքարել են շուրջ 9 ժամ, և միայն առավոտյան է հաջողվել մարել այն։
«Շենքը դեռ կառուցման փուլում է, ուստի սովորաբար օգտագործվող հրդեհաշիջման սարքավորումները դեռ պատրաստ չեն եղել օգտագործման։ Շինությունը շատ բարձր էր, ջրի մատակարարման խնդիր կար բարձր հարկերում, ուստի բազմաթիվ դժվարությունների բախվեցինք»,- ասել է փրկարարական աշխատանքները ղեկավարող Կեունգ Սայ-մինը:
Նա հավելել է, որ շինարարական նյութերը, ներառյալ փայտե տախտակները և մետաղական ձողերը, նույնպես դժվարացրել են հրշեջների տեղաշարժը։ Աշխատանքներին մասնակցել է 250 հրշեջ և բուժաշխատող։