Մարտի 20-ին՝ ժամը 15:30-ին, քաղաքացին զանգահարել է ոստիկանության Գորիսի բաժին և հայտնել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Նոր Զանգեր» կոչվող տարածքին հարակից անտառում նորածնի դիակ կա, հայտնում է Քննչական կոմիտեն։
Դեպքի վայրի զննությամբ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի աջակողմյան ձորակում, ճանապարհի եզրից 25.3 մետր հեռավորության վրա սոճենու ծառի տակ հայտնաբերվել է իգական սեռի նորածնի դիակ: Դիակը մասնակի ծածկված է եղել պոլիէթիլենային պարկերով:
Կոմիտեն տեղեկացնում է, որ դիակի շրջակայքում հայտնաբերվել է սավան, պոլիէթիլենային պարկ, որի մեջ և կողքին եղել են տարբեր իրեր, խաղալիք, սննդի մնացորդներ:
Ոստիկանություն դիմած քաղաքացին հայտնել է, որ մարտի 20-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, վորհիշյալ տեղանքում աստղաշուշան հավաքելու ընթացքում շան հաչոցի վրա մոտեցել և հայտնաբերել է նորածնի դիակն ու անմիջապես զանգահարել է ոստիկանություն:
Քրեական վարույթով օպերատիվ հետախուզական միջոցառումներ անցկացնելու մասին հանձնարարություն է տրվել ոստիկանությանը՝ ծննդկանին հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։ Նաև հարցումներ են ուղարկվել Կապանի, Գորիսի և Սիսիանի բժշկական կենտրոններ կրկին ծննդկանի ինքնությունը պարզելու համար:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: Հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով (Հղի կնոջ, անչափահասի սպանություն, պատժվում է ազատազրկմամբ՝ 14-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ)։