Նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասնակից Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք։ Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է վերջինիս փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Ռենտգեն հետազոտությամբ Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք (առանց տեղաշարժի): Այդ հանգամանքն ամբողջությամբ ու վերջնականապես հերքում է նախաքննության մարմնի նախնական վարկածն այն մասին, որ հարվածը հասցվել է ինչ-որ առարկայով»,-հայտնել է փաստաբանը։
Նշենք, որ ըստ իրավապահ մարմինների տարածած հաղորդագրության՝ այսօր՝ մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովից ահազանգ, այնուհետև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորից ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ 11:15-ի սահմաններում, ՀՀ Ազգային ժողովի 3-րդ հարկի թիվ 314 նիստերի դահլիճում պատգամավորների մասնակցությամբ կազմակերպված փակ աշխատանքային քննարկման ընթացքում «Հայաստան դաշինք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը անհիմն դիտողություն է կատարել ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին՝ բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վ. Վարդանյանի ձախ հոնքին, որի արդյունքում վերջինս վայր է ընկել։ Այդ կերպ Մ. Սահակյանի գործողությունների արդյունքում խաթարվել է նիստի բնականոն ընթացքը։
Սահակյանը ձերբակալվել է և տարվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության բաժին։
ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը վնասվածքով, բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Վերջինս վարույթի շրջանակում ճանաչվել է տուժող։