Վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ծեծի է ենթարկվել ՀՀ ՊՆ Տավուշի թիվ 2-րդ տարածքային ստորաբաժանման ղեկավարը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 21-ին։ Մասնավորապես, ՀՀ ՊՆ թիվ զորամասից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի բաժին, որ «փակ գանգուղեղային տրավմա, ձախ քունքային շրջանի հեմատոմա, աջ վերհոնքային շրջանի փափուկ հյուսվածքների սալջադ, հեմատոմա կրծքավանդակի և ողնաշարի փակ վնասվածքով, հարցական նշան» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 47-ամյա Լեռնիկ Օհանյանն է։ Պարզվել է նաև, որ Տավուշ բնակավայրի 1-ին փողոցի 71 հասցեում գործող ավտոգազալցակայանում գազ լիցքավորելու հերթի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Լ․ Օհանյանի և Տավուշի մարզի բնակիչներ 43-ամյա Գոռ Աթոյանի ու 33-ամյա Վարդան Եսայանի միջև, որի ժամանակ էլ վերջիններս ծեծի են ենթարկել Լ․ Օհանյանին։
Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ Գ․ Աթոյանին ու Վ․ Եսայանին հայտնաբերելու ուղղությամբ։ Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Լ․ Օհանյանը ՀՀ Պաշտպանության նախարարության Տավուշի թիվ 2-րդ տարածքային ստորաբաժանման ղեկավարն է (զինկոմ)։