Մայիսի 27-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած տուժածներից մեկը գիտակցության չգալով մահացել է, հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն։
«Երեխան վթարից հետո տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, երկու անգամ կատարվել էր սրտանոթային վերակենդանացման միջոցառումներ, վիրահատվել էր, այնուհետև տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Նրա մոտ առկա էր գլխուղեղի, որովայնի, կրծքավանդակի սալջարդեր: Անգիտակից էր, սրտի աշխատանքը պահպանվում էր դեղորայքով, գտնվում էր երրորդ աստիճանի կոմայի մեջ»,- պարզաբանում է ԲԿ-ն:
Բժշկական կենտրոնը նաև նշում է, որ մյուս երկու վիրավորները շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում, նրանցից մեկի մոտ կա դրական դինամիկա, մյուսի վիճակը մնում է ծայրահեղ ծանր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքի մարզում մրցումների մեկնող ըմբիշները վթարի են ենթարկվել․ կա 1 զոհ, 7 վիրավոր։ Վթարի մասնակից ավտոմեքենաների վարորդների օրգանիզմում ալկոհոլ չէր հայտնաբերվել, տեղեկացրել էր ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Կոտայքի մարզում ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած վիրավորներից ևս մեկը գիտակցության չգալով մահացել էր հունիսի 1-ին։