Armenia Today-ը հավաքել է Երևանի պետական համալսարանում այսօր՝ նոյեմբերի 17-ին տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ մինչ այս պահն առկա տեղեկությունները, պարզել նաև, թե այս պահին ինչ իրավական գործընթացներ են իրականացվում։
10։15 ԶԼՄ-ները հայտնեցին, որ ԵՊՀ մասնաշենքերից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով կա 1 զոհ, 3 տուժած, որոնց տեղափոխել են հիվանդանոց։
10։33 ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից Armenia Today-ին հաստատել են հրդեհի մասին լուրը՝ նշելով, որ այն տեղի է ունեցել Քիմիայի ֆակուլտետում:
10։40 ԵՊՀ խոսնակ Քնար Միսակյանը հայտնել է, որ, նախնական վարկածով, հրդեհն առաջացել է հոսանքի տատանումից։
10։46 Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ, նախնական տվյալներով, պայթյունի հետևանքով կա մահվան դեպք, երեք տուժաժ հոսպիտալացվել են և հետազոտվում են:
11։35 ՆԳՆ-ն հայտնել է հրդեհի մանրամասները, տեղեկացրել, որ 3 տուժածներից մեկի՝ պարեկային ծառայության աշխատակցի վիճակը բավարար է։ Մահացածը, որի տարիքը չի նշվում, քիմիայի լաբորատորիայի աշխատակիցներից է եղել։
ՆԳՆ տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում՝ հրդեհի բռնկումով։ Սենյակը նախատեսված է պոմպակայանի համար, որը ծառայում է նաև որպես աշխատակիցների հանդերձարան։ Կից սենյակը քիմիական նյութերի պահեստն է, որտեղ հրդեհ չի եղել: Քիմիկների կողմից տեղում իրականացվել է հետախուզում. օդում վտանգավոր գազեր չեն հայտնաբերվել։ ՆԳՆ-ն հայտնել է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 10.11-ին, մարվել՝ ժամը 10.23-ին։
12։30 ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ այժմ ուսումնասիրություններ են ընթանում, հրդեհի պատճառների մի քանի վարկածներ կան։ Նա կոչ է արել հրդեհի պատճառն իմանալու համար սպասել մասնագետների եզրակացությանը:
12։50 Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանն Armenia Today-ին հայտնել է, որ ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ այժմ համապատասխան իրավական գործընթաց է իրականացվում։ Նա տեղեկացրել է, որ այս պահին քրեական վարույթ նախաձեռնելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում։
Armenia Today-ի տեսանյութը՝ դեպքի վայրից։