Երևանի Նոր Արեշ թաղամասի պայթյունից տուժած 2 քաղաքացի հոսպիտալացվել է, հայտնել է Առողջապահության նախարարությունը։ Հրապարակման համաձայն՝ այս պահի դրությամբ տուժածներից մեկի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, մյուսինը` կայուն ծանր, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
ՆԳՆ Փրկարար ծառայության հաղորդած տվյալներով՝ փլատակներից դուրս բերված քաղաացիներն են Ռ․ Ն․-ն (ծնված 1938 թ․) և Հ․ Ս.-ն (ծնված 1994 թ․)։ Բժիշկները Ռ․ Ն․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հ․ Ս.-ինը՝ ծանր։
Պայթյունի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ, հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նա նշել է, որ վարույթը հարուցվել է ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև ութ տարի ժամկետով)։
Ըստ Աբրահամյանի՝ ձևավորվել է քննչական խումբ, որը դեպքի վայրում իրականացնում է անհրաժեշտ և անհետաձգելի գործողություններ։ Տեղի ունեցած պայթյունի և փլուզման պատճառները, ինչպես նաև դեպքի մնացած հանգամանքները կպարզվեն սկսված նախաքննությամբ, ասված է հայտարարության մեջ։