Թբիլիսյան խճուղու 47/2 հասցեում գտնվող պահեստային տարածքում բռնկված հրդեհը ժամը 13։00-ին մեկուսացվել է, հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։
Գերատեսչությունից հայտնում են, որ ձևավորվել է օպերատիվ շտաբ։ Նախնական տվյալներով՝ մոտ 6000 քմ ընդհանուր պահեստային տարածքում այրվել է 5000 քմ հատվածը՝ պահեստավորված ապրանքներով: Կանխվել է հրդեհի հետագա տարածումը, իրականացվել է պահեստավորված գույքի տարհանում։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են եղել ԵՓՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը, ԵՓՎ և մոտակա մարզային փրկարարական վարչություններից 16 մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուղք և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենա, բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը, փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ՃԿԱԿ օպերատիվ խումբն ու հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Նշվում է, որ հրդեհի վայրում հերթապահել են ոստիկանության աշխատակիցներ, շտապօգնության բրիգադ։
Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը։
Այսօր առավոտյան ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել էր, որ խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղում գտնվող 25 000 քմ մակերեսով պահեստի 6000 քմ հատվածում։ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը տեղեկացրել էր, որ հրդեհի հետևանքով մեկ քաղաքացի և մեկ հրշեջ-փրկարար ծխահարվել են, նրանց նախնական բուժօգնություն էր ցուցաբերվել։