Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում բռնկված հրդեհը մարվել է, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Գերատեսչության տվյալներով՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 13։00-ին, մարվել՝ 17։22-ին:
Նախնական տվյալներով՝ մոտ 6000 քմ ընդհանուր պահեստային տարածքում այրվել է 5000 քմ հատվածը՝ պահեստավորված ապրանքներով: Կանխվել է հրդեհի հետագա տարածումը, իրականացվել է պահեստավորված գույքի տարհանում։ Նշվում է, որ հրդեհի վայրում հերթապահել են ոստիկանության աշխատակիցներ, շտապօգնության բրիգադ։ Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը։
Այսօր առավոտյան ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել էր, որ խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղում գտնվող 25 000 քմ մակերեսով պահեստի 6000 քմ հատվածում։ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը տեղեկացրել էր, որ հրդեհի հետևանքով մեկ քաղաքացի և մեկ հրշեջ-փրկարար ծխահարվել են, նրանց նախնական բուժօգնություն էր ցուցաբերվել։