Մարտի 11-ի գիշերը վթարվել է Արզնի 2-Երևան մայրուղային ջրատարը, որից սնվող բնակավայրերի ջրամատակարարումը մի քանի օր կիրականացվի գրաֆիկի խախտումներով, հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից։
Ջրատարը Երևանի «Կորեայի ձոր» կոչվող հատվածում ժայռաբեկորների թափման, Հրազդան գետի հունի փոխվելու հետևանքով հայտնվել է գետի մեջ, տեղեկացրել են ընկերությունից։
«Վերանորոգման աշխատանքի ծավալն ահռելի է և կտևի մի քանի օր։ Մեր մասնագետներն արդեն մշակում են Երևան մտնող ջրաքանակի ճիշտ բաշխման մեխանիզմ, որպեսզի հնարավորինս մեղմվի «Արզնի 2» ջրատարից սնվող բնակավայրերում ջրամատակարարման խնդիրը»,- շեշտել են ընկերությունում։
Ընկերությունը տեղեկացնում է նաև, որ մինչ այժմ ընկերությունը մշտապես ջրատարի տարբեր հատվածներում խնդիրը մեղմելու համար իրականացրել է վերանորոգման ու վերակառուցման աշխատանքներ և պարբերաբար դիմել է պատկան մարմիններին, տեղյակ պահել խնդրի մասին՝ ակնկալելով, որ նրանք կլուծեն Հրազդան գետի հունի լայնացման և սողքի կանխման խնդիրները։