Քննիչի որոշմամբ բլոգեր Ռոման Բաղդասարյանի նկատմամբ «հատուկ պաշտպանության միջոց» ձեռնարկելու մասին որոշում է կիրառվել, Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ Բաղդասարյանի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Միջադեպի տեսանյութը Facebook-ում հրապարակել էր ընդդիմադիր ակտիվիստ Արթուր Չախոյանը։ Տեսանյութում երևում էր, որ Չախոյանը փորձում է մոտենալ Բաղդասարյանին, որից հետո նա մտնում է Մաշտոցի պողոտայում գտնվող Ստեփան Շահումյանի անվան դպրոցի շենք, ապա թաքնվում դպրոցի զուգարանում։ Չախոյանի խոսքով՝ Բաղդասարյանին ուղեկցել են երկու ոստիկան։
Քննչական կոմիտեի ներկայացուցիչն Armenia Today-ին հայտնել է, որ Բաղդասարյանը նախկինում տուժող է ճանաչվել Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածով՝ (Հոգեկան ներգործություն, պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:) բլոգերի հայտարարության հիման վրա հարուցված քրեական գործով։
«Նկատի ունենալով գործի հանգամանքները՝ քննիչի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել է հատուկ պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին որոշում և այն ուղարկվել է ոստիկանությանը՝ ի կատար ածելու նպատակով»,- ընդգծել է Աբրահամյանը:
Քննչական կոմիտե հաղորդումը ներկայացվել է փետրվարին: Աբրահամյանը հավելել է, որ հատուկ պաշտպանության միջոցը տևի այնքան, «ինչքան անհրաժեշտ լինի»:
Սա Բաղդասարյանի մասնակցությամբ առաջին միջադեպը չէ։ 2022 թվականի ապրիլին նա Երևանում դեմքին հարված էր ստացել 44-օրյա պատերազմի մասնակից Գրիգոր Հարությունյանի կողմից։ Նույն թվականի օգոստոսին Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ էր հարուցել բլոգերի դեմ՝ սուտ մատնության համար։ Գործը բացվել էր Բաղդասարյանի մասնակցությամբ տեսագրության ստուգումից հետո, որտեղ նա հայտնել էր, որ Արցախի պաշտպանության բանակի սպաները և նախկին գեներալներն իբր 2020 թվականի պատերազմի ժամանակ սպանություններ էին կատարել և դրա մասին հրամաններ էին տվել։