Մոսկվայի Crocus City Hall-համերգասրահում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 60-ը և կարող է աճել, հայտնել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։ ՌԴ ԱԻՆ-ը հրապարակել է տուժածների ցուցակը։
Գլխավորը՝ ժամը 5:00-ի դրությամբ.
– Crocus City Hall-ում այսօր երեկոյան ինքաձիգով զինված մի քանի անձինք կրակ են բացել, ինչից հետո տեղում լսվել են պայթյուններ և սկսվել է հրդեհ։ Հրդեհը տեղայնացվել է 01:30-ին, գործի է դրվել երեք ուղղաթիռ, հայտնել է ՌԴ ԱԻՆ-ը։
– Առողջապահության նախարարությունը հրապարակել է 146 վիրավորների ցուցակ: Նրանցից 9-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Տուժածների թվում անչափահասներ կան։
– Ռոսգվարդիան հայտարարել է, որ հատուկջոկատայինները ահաբեկչության վայրում փնտրում են հանցագործներին։ Արևմտյան լրատվամիջոցները հայտնել են, որ կատարվածի համար պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, սակայն ռուսական ԶԼՄ-ները հերքել են այդ տեղեկատվությունը։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Կիևը որևէ կապ չունի հարձակման հետ։
– ՌԴ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով։ Ռուսաստանի օդանավակայաններում և կայարաններում ձեռնարկվում են անվտանգության հավելյալ միջոցներ, երկրում չեղարկվում են զանգվածային միջոցառումները։ Կրթության և գիտության նախարարությունը խորհուրդ է տվել բուհերին անցնել «հեռավար ուսուցման»:
– Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցել է Ռուսաստանին ահաբեկչության կապակցությամբ։ Ցավակցություն են հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Տուժածների կամ զոհերի շրջանում հայերի մասին տեղեկություններն այս պահին ճշտվում են, Armenia Today-ին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։