Armenia Today-ի աղբյուրները մանրամասներ են հայտնում մայիսի 9-ի երեկոյան Հանրապետության հրապարակ մտած և հանրահավաքի մասնակիցների ուղղության բեռնատարը վարած վարորդի մասին։ Հրապարակում այդ ժամանակ ընթանում էր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը։
Ըստ աղբյուրի՝ ավտոմեքենայի վարորդն Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ է։ 2018 թվականի գարնանը նա բեռնատարով մասնակցել է այն բողոքի ակցիաներին, որոնք հանգեցրել են Հայաստանում իշխանափոխության։
Հետո, ըստ աղբյուրի, նշված բնակիչը հիասթափվել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր իշխանություններից՝ դառնալով նրանց ընդդիմախոսը։
Մայիսի 9-ի երեկոյան նա հարբած վիճակում եկել էր հրապարակ՝ աջակցելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին։ Աղբյուրը նաև նշել է, որ «ԿամԱԶ» բեռնատարն Արարատի մարզի բնակչի անձնական ավտոմեքենան է։
Մայիսի 9-ին Armenia Today-ի թղթակիցը հայտնել էր, որ Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիայի ժամանակ բեռնատարի վարորդը մեքենան վարել էր ցուցարարների ուղղությամբ։ Ցուցարարները շրջապատել էին մեքենան, ապա ոստիկանները վարորդին դուրս էին բերել բեռնատարից, նստեցրել ոստիկանական մեքենան ու հեռացել: ՔԿ-ն քրեական վարույթ էր նախաձեռնել դեպքի առթիվ։ Վարորդը դեպքի վայրում ձերբակալվել էր ոստիկանության ծառայողների կողմից՝ առերևույթ հանցավոր արարք կատարելու կասկածանքով։