Իրանի կառավարությունը հաստատել է մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության, այդ թվում՝ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի զոհվելու լուրը։
Իրանի կառավարությունը հայտնել է, որ ուղղաթիռում են եղել նաև Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին և Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը:
«Իրանի անխոնջ և անձնվեր նախագահը, բացի իրանցի մեծ ժողովրդին ծառայելուց, այլ բանի մասին չէր մտածում։ Նա հավատարիմ մնաց իր խոստմանը և զոհաբերեց իրեն հանուն ժողովրդի: Հավատացնում ենք մեր հավատարիմ, վեհ ու սիրելի ժողովրդին, որ ժողովրդի հերոս ու ծառա, առաջնորդի հավատարիմ ուղեկից Ռայիսիի անխոնջ ոգով ներշնչված ծառայության ու անձնվիրության ուղին շարունակվելու է»,- շեշտել են Իրանի կառավարությունում։
Հայտարարության մեջ նշվում է, որ «ամենակարող Ալլահի օգնությամբ և մեծահոգի ժողովրդի աջակցությամբ երկրի կառավարումը չնչին վնաս անգամ չի ունենալու»։
Ընտրությունները պետք է տեղի ունենան 50 օրից։
Իրանի նախագահը
63-ամյա Ռայիսին 2017 թվականին առաջադրել էր իր թեկնածությունն Իրանի նախագահական ընտրություններին մասնակցելու համար, սակայն պարտվել էր Հասան Ռոհանիին։ 2021 թվականին կրկին մասնակցել էր ընտրություններին և հաղթել՝ հավաքելով ընտրողների ձայների 61,95 %-ը։ Իր նախագահության ընթացքում նա վերահսկում էր երկրի տարածաշրջանային ազդեցությունն ընդլայնելու ռազմավարությունը։ Ռայիսիին դիտարկում էին որպես Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի հնարավոր իրավահաջորդը՝ Իրանի բարձրագույն քաղաքական և կրոնական պաշտոն զբաղեցնող գերագույն առաջնորդի պաշտոնում:
Իրանի ԱԳ նախարարը
60-ամյա Աբդոլլահիանն Իրանի ԱԳ նախարար էր նշանակվել 2021 թվականին։ Մինչ այդ արաբական և աֆրիկյան հարցերով փոխարտգործնախարարն էր։ Նա պահպանողական գործիչ էր, վայելում էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) աջակցությունը։ Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ նրա մասնագիտական կարիերան ակնառու էր, ինչն արտացոլվում էր նրա ունեցած նշանակալի դերով։ Նշվում է, որ կարիերայի ընթացքում Աբդոլլահիանը ցույց է տվել, որ հավատարիմ է Իրանի միջազգային հարաբերությունների զարգացմանը։
Ուղղաթիռի վթարը տեղի էր ունեցել մայիսի 19-ին՝ Արևելյան Ադրբեջան նահանգի լեռներում՝ Ջուլֆա քաղաքից ոչ հեռու, Թեհրանից մոտ 600 կմ հյուսիս-արևմուտք: Ավելի ուշ հայտարարվել էր, որ Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի հետևանքով ամբողջությամբ այրվել է, բոլոր ուղևորները զոհվել են։ Ռայիսին վերադառնում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից, որի հետ մայիսի 19-ին մասնակցել էր «Խոդաֆերին» հիդրոէլեկտրակայանի շահագործման և «Գիզ գալասի» ՀԷԿ-ի բացման արարողությանը։