Անհայտ անձինք փորձել են հրկիզել Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող ավտոմեքենան, հայտնում է shamshyan.com-ը։
Կայքի տվյալներով՝ իրավապահները հավանական են համարում, որ ավտոմեքենան միտումնավոր են հրկիզել։
Կայքի տեղեկություններով՝ ժամը 19։30-ի սահմաններում քաղաքացիները ահազանգել են ոստիկանություն և հայտնել, որ Կապանի քաղաքապետարանի ու մշակույթի տան մոտ ավտոմեքենա է այրվում։
Ըստ կայքի՝ մինչ հրշեջների ժամանումը քաղաքացիները մարել են կայանված վիճակում գտնվող «Lexus lx 570» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածում առաջացած կրակը։
Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։