Հայաստանի Լուռու, Տավուշի մարզերում, Երևանում հեղեղումների պատճառով և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ շտաբ է ձևավորել, հայտնել է Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Շտաբը գլխավորելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«ՆԳՆ Փրկարար ծառայությունը, Ճանապարհային դեպարտամենտը, ոստիկանությունը, մարզպետարանները, տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան մյուս կառույցներն իրականացնում են իրենց լիազորություններից բխող անհրաժեշտ միջոցառումներ»,- հայտնել է Բաղդասարյանը։
Խոսնակն ավելի ուշ հայտնել է, որ Փաշինյանը մեկնել է աղետի գոտի։
ՏԿԵ նախարարությունը տեղեկացրել է, որ ժամը 11։30-ի դրությամբ Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։ ՏԿԵ-ն տեղեկացրել է, որ փակ են նաև Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն, Դիլիջան-Իջևան ճանապարհները։
Որպես այլընտրանքային երթուղիներ՝ ՏԿԵ-ն խորհուրդ է տալիս երթևեկել Հայաստան-Վրաստան միջպետական, «Գոգավան մ/տ»-Տաշիր-Ստեփանավան-Վանաձոր-Երևան, «Բավրա մ/տ»-Գյումրի-Երևան երթուղիներով, իչպես նաև Հայաստանի ներհանրապետական՝ Այրում-Նոյեմբերյան-Այգեհովիտ-Տավուշ-Բերդ-Թթուջուր-Ճամբարակ-Սևան-Երևան երթուղով։
Մայիսի 26-ին ՆԳՆ-ն հայտնել էր Դեբեդ գետի վարարման հետևանքով, նախնական տվյալներով, 1 զոհի, անհետ կորած 1 քաղաքացու և ավերածությունների մասին։ Ժամը 11։40-ի դրությամբ Լոռու մարզում տարհանվել է 77 քաղաքացի, կան արգելափակված մեքենաներ։