Մայիսի 26-ին Հայաստանում հեղեղների հետևանքով Երևան-Թբիլիսի-Երևան գնացքների չվերթերը չեղարկվել են, հայտարարել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն։
Ընկերությունից տեղեկացրել են, որ չեղարկումը կապված է, մասնավորապես, Այրում-Ախթալա հատվածում տարերքի՝ աղետալի հեղեղումների հետևանքների վերացման, վերանորոգման և վերականգնման աշխատանքներ կատարելու հետ։
«Հարավկովկասյան երկաթուղին» ուղևորներին հայտնել է, որ ովքեր տոմսերը գնել են առցանց, վերադարձը կատարում են նույն եղանակով՝ օգտվելով առցանց գնման հարթակից: Ընկերության փոխանցմամբ՝ տոմսարկղերից տոմս գնած ուղևորները վերադարձը կատարում են նույն տոմսարկղներում: Ընկերությունը գնացքների երթևեկության վերականգնման մասին լրացուցիչ կհայտարարի սոցիալական ցանցերի էջերում և railway.am պաշտոնական կայքում։
Մայիսի 26-ին ՆԳՆ-ն հայտնել էր, որ Դեբեդ գետի վարարման հետևանքով, նախնական տվյալներով, կա 1 զոհ, անհետ կորած 1 քաղաքացի։ ՆԳՆ-ն տեղեկացրել էր նաև ավերածությունների, արգելափակված մեքենաների մասին, որոնցում նաև քաղաքացիներ կան։ Վարարել են նաև Աղստև, Տաշիր գետերը։ Հեղեղների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ շտաբ է ձևավորել։ Ժամը 11։30-ի դրությամբ տարհանվել է 232 քաղաքացի։