Ժամը 15:30-ի դրությամբ Լոռու և Տավուշի մարզերում հեղեղների հետևանքով տարհանվել է 190 քաղաքացի, փրկարարները փրկել են 73 մարդու, հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են։
«ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարը հայտարարվել է «Թեժ գիծ»: Անհրաժեշտ և հրատապ տեղեկատվություն ստանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել»,- հավելել է խոսնակը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է սեղմ ժամկետում գնահատել աղետից տուժած բնակիչների կարիքները, օպերատիվ կերպով հատկացնել անհրաժեշտ օգնություն։ Նրա խոսքով՝ այնուհետև աղետի հետևանքների վերացման ծրագրեր են իրականացնելու։
Հայաստանում մայիսի 26-ին Դեբեդ գետը վարարել էր ու Լոռու և Տավուշի մարզում ավերածությունների, զոհերի պատճառ դարձել։ Ժամը 14։00-ի դրությամբ կա 2 զոհ, աղետից փրկվել է 20 քաղաքացի։ Ավերվել են կամուրջներ ու ճանապարհներ, մարդկանց տարհանում են: Ջրհեղեղի հետևանքով հեղեղվել է նաև Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 31 կմ հատվածը, ավերվել են գետի երկու կամուրջները, մայրուղին, վնասվել է երկաթուղային ենթակառուցվածքը: Վարարել են Աղստև, Տաշիր գետերը, հորդառատ անձրև է եկել Երևանում։ Հեղեղների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով Փաշինյանն օպերատիվ շտաբ է ձևավորել։