Աղետի գոտում կա երեք զոհ, հայտնել է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։ Նշվում է, որ Սանահինի կամրջի մոտակայքից փրկարարները դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի: Պտղավան բնակավայրի ֆուտբոլի դաշտի հարևանությամբ գետից դուրս է բերվել Հաղթանակ բնակավայրի բնակիչ (1948թ.) Ավագ Ավագյանի դին։ Շնող գյուղի մոտակայքում գետից դուրս է բերվել Սարիբեկ Բալյանի (1985թ․) դին:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Լուրեր-ի հետ զրույցում ներկայացրել է Լոռիում Դեբետ գետի վարարման հետևանքների մասին։ Նրա խոսքով՝ գետը շարունակում է վարար մնալ, ուստի մի շարք աշխատանքներ հնարավոր չէ իրականացնել:
Առաջին անելիքներից մեկը, ըստ Սանոսյանի, դեպի Վրաստանի ուղղությամբ միջպետական ճանապարհի խնդիրն է։ Նա նշել է, որ հիմնական խնդիրներն Ալավերդիում և Ալավերդիից մինչև Բագրատաշեն ուղղությամբ են, ջրածածկ տարածքներ կան նաև Տաշիրում և Դիլիջան-Իջևան հատվածում։
Սանոսյանի խոսքով՝ հեղեղման պատճառով վնասվել է Մ4 ճանապարհի Դիլիջան-Իջևան և Մ6 ճանապարհի երեք հատված, որտեղ ճանապարհը քանդվում է: Այնտեղ աշխատանքներ են տարվում, փորձում են ճանապարհի այդ շերտը պահպանել։
«Այլընտրանքային ճանապարհի ապահովման համար ՊԵԿ-ի և Վրաստանի գործընկերների հետ աշխատանքի արդյունքում երթևեկությունը տեղափոխվել է Գոգավանի և Բավրայի անցակետեր, իսկ վնասված ճանապարհահատվածը փակ է, որպեսզի կարողանանք համանապատասխան աշխատանքներ իրականացնել»,- ասել է Սանոսյանը:
Նախարարը հավելել է, որ կա մի քանի բնակավայր, որոնք կամուրջներով կապվում էին Մ6 ճանապարհին, կամուրջները փլվել են և այդ բնակավայրերի հետ կապի որոշակի խնդիր կա։
«Դաշտամիջյան, ավելի շուտ սարերի միջով անցնող ճանապարհ ունենք, և հիմա գործընկերներն աշխատում են, որ այդ ճանապարհը որոշակի բարելավեն և կարողանանք այնտեղ անցանելիություն ապահովելով, այդ բնակավայրերի առաջնային կարիքները հոգալ»,- նշել է նախարարը։
Նա ավելացրել է, որ հեղեղումները պատճառ են դարձել էլեկտրահաղորդման գծերի, գազատարների, խմելու և ոռոգման համակարգերի հետ կապված խնդիրների, բայց դժվարացել է գնահատել վնասների չափը․ «Դրանց մի մասն այժմ հնարավոր չէ գույքագրել, ակնհայտ է, որ գետը դրանք քանդել է, բայց ավերածության աստիճանը և վնասի չափը գնահատել հնարավոր չէ»։
Սանոսյանի խոսքով՝ այժմ իրականացվում են աշխատանքներ, որպեսզի լուծվեն Ալավերդիից տեղահանված քաղաքացիների առաջնային խնդիրները։
Նա մեկնաբանել է ջրամբարների հետ կապված վտանգները՝ ընդգծելով, որ մասնագետներն աշխատում են ջրթողի ապահովման ուղղությամբ։
«Մեծավանի ջրամբարն ամբողջությամբ լցված է, և մասնագետները ջրթողն ապահովում են, ունենք հիդրոէլեկտրակայանների ջրամբարներ, որոնք չափերով այդքան մեծ չեն, բայց որոշակի վտանգ են ներկայացնում։ Այդ ուղղությամբ ևս մասնագետներն աշխատում են, որպեսզի կարողանան բավարար կացմակերպել ջրթողը»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովը շտաբային աշխատանքներ է կատարում՝ գույքագրում խնդիրները։ «Փորձում ենք տարհանված քաղաքացիների կարիքները գույքագրել»,- ասել է նա։
Մայիսի 26-ին ՆԳՆ-ն հայտնել էր Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների վերաբերյալ ստացած ահազանգերի մասին։ Հեղեղներն ավերածությունների պատճառ են դարձել, կան արգելափակված մեքենաներ։ Վարարել են նաև Աղստև, Տաշիր գետերը։ Հեղեղների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ շտաբ է ձևավորել։ Փաշինյանը մեկնել է աղետի գոտի։