Ժամը 22․00-ի դրությամբ Լոռու և Տավուշի մարզերում գետերի վարարման հետևանքով տարբեր բնակավայրերից տարհանվել է 269, փրկվել` 120 մարդ, հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։
Գերատեսչության տվյալներով՝ Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, վնասվել են գետի վրայով անցնող 7 կամուրջներ և տարբեր նշանակության 70 շենք-շինություններ։
Նշվում է, որ Լոռու մարզի մի շարք բնակավայրեր իրար կապող կամուրջները վնասվել կամ հայտնվել են ջրի տակ, սակայն դեպի այդ բնակավայրեր կան այլընտրաքային ճանապարհներ, և հնարավորություն կա առաջին անհրաժեշտության պարագաներ հասցնելու։
Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել եէ 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից վարորդներին հորդորում են դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։
«Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ փակ են Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն և Դիլիջան-Իջևան երթուղիները»,- նշվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Մայիսի 26-ին ՆԳՆ-ն հայտնել էր Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների մասին։ Հեղեղներն ավերածությունների պատճառ են դարձել, կան արգելափակված մեքենաներ։ ՆԳՆ հայտնել է 3 զոհի մասին։ Հեղեղների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ շտաբ է ձևավորել։ Փաշինյանը մեկնել է աղետի գոտի։