Այսօր՝ մայիսի 27-ին, Լոռու և Տավուշի մարզերում գետերի վարարման հետևանքով հայտնաբերվել է անհետ կորած անձանցից մեկը, «Լուրեր»-ին հայտնել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Նախարարը տեղեկացրել է, որ ընդհանուր առմամբ՝ մոտ 17 կամուրջ է փլվել, որոնց մի մասը համայնքային նշանակության փոքր կամուրջներ են, իսկ 5-6-ը՝ խոշոր։ «Մեզանից մեծ ջանք ու ժամանակ կպահանջվի դրանց վերականգնման համար»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ կամուրջների փլվելը մի շարք բնակավայրերի հետ ստեղծել է կապի լուրջ խնդիր: «Եթե փոքր համայնքների պարագայում լուծումներ գտնվել են, և այդ համայնքներում կապի խնդիր չկա, այս պարագայում առկա է կապի խնդիր»,- ասել է նախարարը:
Սանոսյանը տեղեկացրել է, որ Բագրատաշեն գնացող ճանապարհին մի հատված կա, որտեղ գետը երեկ հոսել է ճանապարհով, մակարդակի իջեցման հետևանքով ճանապարհը բացվել է, մաքրման աշխատանքներ են կատարվում:
«Վրաստանի գործընկերների, ՊԵԿ գործընկերների հետ աշխատել ենք, հայտարարություն կտարածենք, մաքսակետը կբացենք, որպեսզի Բագրատաշեն-Նոյեմբերյան-Իջևան ուղղությունն աշխատի՝ հաշվի առնելով, որ այս փոփոխության արդյունքում Գոգավան և Բավրա մաքսակետերը բավականին ծանրաբեռնված են»,- նշել է նախարարը:
Հայաստանում մայիսի 26-ին Դեբեդ գետը վարարել էր ու Լոռու և Տավուշի մարզում ավերածությունների, զոհերի պատճառ դարձել։ Ավերվել էին կամուրջներ ու ճանապարհներ, մարդկանց տարհանել են: Ջրհեղեղի հետևանքով հեղեղվել էր նաև Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 31 կմ հատվածը, ավերվել էին գետի երկու կամուրջները, մայրուղին, վնասվել է երկաթուղային ենթակառուցվածքը: Վարարել էին Աղստև, Տաշիր գետերը, հորդառատ անձրև է եկել Երևանում։ Հեղեղների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ շտաբ էր ձևավորել։