Ներքի գործերի նախարարությունը հրապարակել է Տավուշի և Լոռու մարզերում հեղեղումների հետևանքով զոհվածների անունները: Նրանք են՝ Ավագ Ավագյան, ծնված 1948 թ․, Սարիբեկ Բալյան, ծնված 1985 թ․, Գնել Զաքարան, ծնված 1964 թ., Գագիկ Նազլուխանյան, ծնված 1964 թ․։
Ըստ հրապարակման՝ ներկա պահին իրականացվում են Սանահին կայարան բնակավայրի բնակիչների տարհանման, ջրալցված շենք-շինությունների նկուղներից ջրահեռացման, ինչպես նաև Հաղպատ բնակավայրում արգելափակված բեռնատարի դուրս բերման աշխատանքներ։
Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 429 մարդ, մասնավորապես՝ 387 մարդ Լոռու մարզում, 42 մարդ՝ Տավուշի մարզում:
Հայաստանում մայիսի 26-ին Դեբեդ գետը վարարել էր ու Լոռու և Տավուշի մարզում ավերածությունների, զոհերի պատճառ դարձել։ Ավերվել էին կամուրջներ ու ճանապարհներ, մարդկանց տարհանել են: Ջրհեղեղի հետևանքով հեղեղվել էր նաև Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 31 կմ հատվածը, ավերվել էին գետի երկու կամուրջները, մայրուղին, վնասվել է երկաթուղային ենթակառուցվածքը:
Վարարել էին Աղստև, Տաշիր գետերը, հորդառատ անձրև է եկել Երևանում։ Հեղեղների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ շտաբ է ձևավորել։