Տավուշի և Լոռու մարզերում գետի վարարման հետևանքով ստեղծված աղետի գոտում կամավորների աջակցության կարիք կա, «Ազատություն» ռադիոկայանին ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Նա նշել է, որ երեկվանից արդեն զգացել են կամավորների աջակցության կարիքը:
«Առաջին օրը հնարավոր չէր մոտենալ, աշխատել, ըստ այդմ կամավորներին չենք խնդրել միանալ աշխատանքներին, բայց երեկ, երբ գետի մակարդակն իջավ, հնարավոր եղավ»,- նշել է նախարարը:
Սանոսյանի փոխանցմամբ՝ փրկարարական աշխատանքներին արդեն ներգրավել են մոտ 50 կամավորի, այսօր նախատեսվում է նրանց թվի ավելացում։
«Խնդրել ենք, որ մինչև 200 կամավոր մոտենա: Տիղմով ու ջրով լցված բավականին շատ տարածքներ ունենք՝ շենք-շինությունների ու խանութների հատվածներ կան, որոնց հատկապես ներսի հատվածներում ձեռքի աշխատանք է պահանջվում: Հիմա ձեռքի ուժի կարիք կա։ Կարծում եմ՝ ևս մի քանի օր, օրը 200-300 կամավորի կարիք կունենանք»,- տեղեկացրել է նա:
Սանոսյանը հավելել է, որ փորձում են տեղի կամավորական ուժերով՝ Կարմիր խաչի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ աշխատել, իսկ ԿԳՄՍՆ-ին խնդրել են կապ հաստատել ուսանողների հետ՝ նրանց աշխատանքներին ներգրավելու համար։
Հայաստանում մայիսի 26-ին Դեբեդ գետը վարարել էր ու Լոռու և Տավուշի մարզում ավերածությունների, զոհերի պատճառ դարձել։ Ավերվել էին կամուրջներ ու ճանապարհներ, մարդկանց տարհանել են: Ջրհեղեղի հետևանքով հեղեղվել էր նաև Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 31 կմ հատվածը, ավերվել էին գետի երկու կամուրջները, մայրուղին, վնասվել է երկաթուղային ենթակառուցվածքը:
Վարարել էին Աղստև, Տաշիր գետերը, հորդառատ անձրև է եկել Երևանում։ Հեղեղների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ շտաբ էր ձևավորել։
Ներքին գործերի նախարարությունը մայիսի 27-ին հրապարակել էր Տավուշի և Լոռու մարզերում հեղեղումների հետևանքով զոհված 4 քաղաքացիների անունները։