Հայաստանի՝ ջրհեղեղից տուժած երկաթուղիների վերականգնման համար Ռուսաստանը գումար է հատկացնում, հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մամուլի քարտուղար Անդրեյ Մատվեևը:
««Ռուսական երկաթուղիներ»-ի մասնագետները ջրհեղեղից հետո սկսել են վերականգնել Հայաստանի երկաթուղին»,- ասել է Մատվեևը։
Նա նշել է, որ Մոսկվան ամեն ինչ կանի, որպեսզի կարճ ժամանակում վերականգնի Հայաստանի Հանրապետության հաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ:
Մայիսի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանը խոստացել է օգնել Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղից վնասված երկաթուղին վերականգնելու աշխատանքներում։ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանի խոսքով՝ Հայաստանի մյուս գործընկերները ևս օգնելու պատրաստակամություն են հայտնել։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը, որպես Հայաստանի դաշնակից, միշտ պատրաստ է սատար կանգնել նրան։
Հայաստանում մայիսի 26-ին Դեբեդ գետը վարարել էր ու Լոռու և Տավուշի մարզում ավերածությունների, 4 զոհի պատճառ դարձել։ Ավերվել են կամուրջներ ու ճանապարհներ, մարդկանց տարհանել են: Ջրհեղեղի հետևանքով հեղեղվել էր նաև Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 31 կմ հատվածը, ավերվել են գետի երկու կամուրջները, մայրուղին, վնասվել էր երկաթուղային ենթակառուցվածքը: Վարարել էին նաև Աղստև, Տաշիր գետերը, հորդառատ անձրև էր տեղացել Երևանում։ Հեղեղների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ շտաբ էր ձևավորել։ Մայիսի 26-ին վարչապետը նաև այցելել էր աղետի գոտի։ Հայաստանի կառավարությունը Լոռու և Տավուշի մարզի 39 քաղաքներ ու գյուղեր հայտարարել էր աղետի գոտի։