Երեք օրվա որոնողական աշխատանքներից հետո հունիսի 3-ին՝ ժամը 11։32-ին Սևանի ափից մոտ 70 մ հեռավորության և 4 մ խորության վրա ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնաբերել է կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանի (ծնված 1999 թ․) դին և դուրս բերել, հայտնել է ծառայությունը։
Մնացականյանի կորելու մասին ահազանգը Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ստացել էր հունիսի 1-ին՝ ժամը 12:23-ին։ Ըստ ահազանգի՝ նա տևական ժամանակ է բացակայել է ափամերձ հյուրանոցից, սակայն իրերը տեղում են։
Հատուկ ջրափրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, 3 ջրասուզակ, 9 ջրափրկարար (2 մոտորանավակով) և 17 փրկարար որոնողական աշխատանքներ են իրականացրել լճում, հարակից անտառում և հանդամասերում, կիրառել ջրային և օդային հետախուզության միջոցներ՝ ստորջրյա «Гном» սարքավորում և անօդաչու թռչող սարք։
ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հաղորդել է, որ դիակի արտաքուստ զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Մահվան հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ըստ Աբրահամյանի՝ դեպքի հանգամանքներով ՔԿ-ն քրեկան վարույթ է նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանություն, պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով)։
Հունիսի 2-ին հայտնել էինք, որ որպես անհետ կորած որոնում են 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանին։ Վերջին անգամ նրան մտերիմները տեսել էին գիշերը 22։30-ին՝ ափին նստած։